Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի նախագահին. տեսանյութ

Նախարարը նշել է, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին և շնորհակալություն հայտնել նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Այվազյանը շեշտել է, որ բանաձևը կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։

Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծել է դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Նախարարը նշել է, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար:

Այվազյանը ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա:

Նիդեռլանդների պատգամավորներն Արցախի վերաբերյալ բանաձև են ընդունել

Այս համատեքստում կողմերը շեշտել են հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ին ընդունեց մի բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտությունը։ 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունված բանաձևը խորհրդատվական բնույթ ունի Ֆրանսիայի կառավարության համար։

Ավելի վաղ` նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծ, որով դատապարտում էր Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ էր անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Նշենք, որ Այվազյանը երկօրյա աշխատանքային այցով Փարիզ էր մեկնել դեկտեմբերի 8-ին։ Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին արտասահմանյան այցն իրականացրել էր դեկտեմբերի 6–ին և 7-ին`մեկնելով Մոսկվա, որտեղ բանակցություններ էր վարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: