Երևանում երթեր են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ընդդիմության հանրահավաքն այսօր տեղի կունենա Ազգային ժողովի շենքի մոտ։ Երևանի տարբեր հատվածներից հարյուրավոր մարդիկ են շարժվում այնտեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Երևանի տարբեր մասերից արդեն մեկ ժամից ավելի մեկնարկել են Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած երթերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մյասնիկյան պողոտան

Ցուցարարները շարժվում են դեպի Ազգային ժողով՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու մտադրությամբ։

Մասնակիցների մի մասը «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ շարժվել են Պռոշյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի հարակից տարածքից։

Նրանց ԱԺ շենքի մոտ պետք է միանան նաև այլ խմբեր, որոնք արդեն շարժվել են քաղաքի տարբեր հատվածներից։

Վանեցյանի համախոհներից մեկի՝ Խաչիկ Գալստյանի խոսքով, այսօր լրացել է հրադադարի վերաբերյալ «դավաճանական հայտարարության» ստորագրման մեկ ամիսը։ Նրա կարծիքով, իշխանությունների ուխտադրուժ գործողությունների հետևանքով հարյուրավոր մայրեր մնացին արցունքոտ աչքերով, հարյուրավոր մարդիկ փնտրում են անհետ կորած իրենց երեխաներին։ Նա կարծում է, որ իրավիճակը քիչ թե շատ շտկելու միակ հնարավորությունը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է։

Քաղաքացիները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը. տեսանյութ

Երթի մասնակիցները վանկարկում են. «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։

Երթի վերջնակետը խորհրդարանի շենքի մոտ է, որտեղ շարունակվելու է բողոքի ակցիան։ Այս պահին Բաղրամյան պողոտան արդեն փակ է։

Նախնական տվյալներով, ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։