ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական մասնագետները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Արցախում։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, լրացուցիչ բուժկետեր են բացվել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքի ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում:
Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:
Ռազմական բժիշկները մեկ օրում ավելի քան 39 հիվանդի, այդ թվում՝ հինգ երեխայի են օգնություն ցուցաբերել։
Տեղի բնակիչները հիմնականում դժգոհում են տարբեր քրոնիկ հիվանդություններից, ինչպես նաև սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգի հիվանդություններից, նաև ունեն ատամնաբուժական օգնության տրամադրման կարիք:
Նշվում է, որ լրացուցիչ բուժկետները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում անցկացնել հիվանդների զննում և առաջնային ախտորոշում:
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը
Ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ: