ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան։
«Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ»,–ասել է Այվազյանը։
Նրա խոսքով` Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի են ունեցել էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն անդրադառնալու անհրաժեշտությունը: Այվազյանը կարծում է, որ միայն այդ դեպքում հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:
Արա Այվազյանը լը Դրիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերիներից և եկեղեցիներից
Հիշեցնենք, որ Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին արտասահմանյան այցն իրականացրեց Մոսկվա՝ դեկտեմբերի 6–ին և 7-ին, որտեղ բանակցություններ վարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Դեկտեմբերի 8-ին Արա Այվազյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։