Նոր լաբորատորիա Հայաստանում. վարակների դեմ դեղերի ուսումնասիրությունն ընդլայնվում է

Արդեն կարևոր ուսումնասիրություններ են անցկացվել խոզերի աֆրիկյան ժանտախտի մասով, որը վտանգավոր է կենդանաբուծության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) նոր լաբորատորիան հակավարակային միավորումների ուսումնասիրությունն ընդլայնելու հնարավորություն կտա։ Լաբորատորիայի ղեկավար Հովակիմ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ժամանակակից սարքավորումները կուժեղացնեն վիրտուալ մոդելավորման ու պրակտիկ փորձերի հնարավորությունը։

Որն է «խոզի գրիպի» ու կորոնավիրուսի տարբերությունը

Լաբորատորիայի սարքավորումները տրամադրել են բարերարները։ Բացի այդ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտեն ինստիտուտին խոշոր դրամաշնորհ է տրամադրել։  Դրա շնորհիվ հնարավոր կլինի ուժեղացնել մոլեկուլյար փոխներգործությունների մոդելավորումը։ Ավելի պարզ ասած՝ հզոր համակարգիչներով մոլեկուլային միացությունների (պոտենցիալ դեղերի) ու վիրուսային ապիտակուցների (վարակների ակտիվության արդյունքի) միջև վիրտուալ ռեակցիաներ են անցկացվելու։

«Բնականաբար, մոդելավորումը երբեք չի փոխարինի իրական փորձերին։ Սակայն դրա օգնությամբ կարելի է, պայմանականորեն ասած, տասը հազար միավորումից փորձերի համար ընտրել հիսունը, այսինքն՝ չանել փորձեր, որոնք պետք չեն, խնայել ժամանակն ու պաշարները»,-ընդգծեց Զաքարյանը։

Մի չինացու մոտ հիմա էլ բուբոնային ժանտախտ է ախտորոշվել. հիվանդության տարածման վտանգ կա

Լաբորատորիան ուսումնասիրում է մի քանի վարակների դեմ ակտիվ նյութերը, այդ թվում է նաև խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակը։ Այն վտանգավոր չէ մարդու համար, սակայն ամբողջ աշխարհի խոզաբուծությանը մեծ վնաս է տալիս, քանի որ աֆրիկյան ժանտախտը չի բուժվում (վարակված կենդանիներին պետք է ոչնչացնել)։ Միայն 2018-19 թվականներին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, Ասիայում դրա հետևանքով մոտ 5 միլիոն խոզ է սատկել (այսինքն՝ մոտ 1 միլիարդ տոննա խոզի միս է կորել)։

Ավելի քան մեկ տարի առաջ, այսինքն՝ դեռ հին լաբորատորիայում, ինստիտուտը սկսել էր աշխատել Natural Biologics ամերիկյան ընկերության հետ, որը զբաղվում է այդ թվում նաև խոզերի ժանտախտի մոլեկուլային միացությունները։

«Մենք մեզ մոտ թեստավորում ենք այն միացությունները, որոնցով հետաքրքրված ենք, որոշ միացություններ էլ մենք ենք առաջարկում ու միասին ենք ուսումնասիրում։ Մեր աշխատանքի արդյունքով արդեն գիտական հոդված է հրապարակվել, հիմա աշխատում ենք երկրորդի վրա։ Մեր աշխատանքը ոչ միայն հիմնարար, այլև կիրառական արդյունք է ունենալու, այսինքն՝ անասնաբուժության համար դեղ է ստեղծվելու», -նշեց Զաքարյանը։

«Խոզի գրիպի» հետ կապված իրավիճակը Հայաստանում. մեկնաբանում է առողջապահության նախարարը

Աշխարհում վարակաբանական բազում լաբորատորիաներ կան, սակայն քչերն են խոզի ժանտախտն ուսումնասիրում (ավելի շատ ուսումնասիրում են ՄԻԱՎ-ը կամ վարակային հեպատիտը, հիմա արդեն նաև COVID-19-ը)։ Աշխարհում քիչ են գիտական խմբերը, որոնք անում են այն աշխատանքը, որով զբաղվում են Հայաստանի կենսաբանները։

Բանակցություններ են ընթանում նաև մեկ այլ ընկերության հետ՝ Գերմանիայից։ Ինստիտուտը հույս ունի միասին ուսումնասիրել լայն սպեկտրի հակավարակային միացությունները, այսինքն այն միացությունները, որոնք կարելի է օգտագործել ոչ թե մեկ, այլ տարբեր վարակների դեմ։ Զաքարյանի խումբը նման ուսումնասիրություններ իրականացնում էր նաև լաբորատորիայի նախկին հզորություններով։

Այդ տրամաբանությունն են որդեգրել և՛ խոշոր հետազոտական կենտրոնները, և՛ դեղագործական կորպորացիաները։ Օրինակ` կորոնավիրուսի դեմ այժմ աշխարհում փորձարկվող պատվաստանյութի նախատիպերը ստեղծվել են լայն սպեկտրի հակավարակային դեղերի հիման վրա։ Օրինակ՝ ամերիկյան Moderna ընկերությունը, որի ղեկավարն ամերիկահայ Նուբար Աֆեյանն է, ուզում է ստեղծել վարակային ՌՆԹ-ի մատրիցա, որի հիման վրա հաշվարկվելու են վարակների մուտացիաներն ու դրանց դեմ պատվաստանյութերը։

Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից

Ուսումնասիրության համար Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը վերցրել է մարդու համար վտանգավոր մի քանի վիրուս։ Խոզերի աֆրիկյան ժանտախտի հետ միասին ուսումնասիրվում է նաև հերպեսի վիրուսը (Vaccinia virus)։   

«Եթե այդ վիրուսների դեմ արդյունավետ մոլեկուլային կապ գտնենք, ապա շանսեր կան, որ այն կարող է գործել նաև այլ վիրուսների համար, որոնք արդեն ավելի վտանգավոր են»,–նշել է Զաքարյանը:

Նոր լաբորատորիայում ուզում են ընդլայնել ուսումնասիրվող վարակների ցանկը, ընդ որում՝ այդ ցանկում ուզում են ներառել տարբեր ընտանիքների վարակներ, որպեսզի ուսումնասիրությունն ավելի համապարփակ լինի։ Ուզում են ուսումնասիրել ոչ միայն ԴՆԹ-վարակներ (հերպեսի վարակի պես), այլև ՌՆԹ-վարակներ, որոնք ավելի ուժեղ են մուտացիայի ենթարկվում։

Չորս տարվա մեջ ինստիտուտի աշխատակիցները վարակների դեմ մոլեկուլային միացությունների ընտրության ու փորձարկումների թեմայով ավելի քան տասը հոդված են հրապարակել աշխարհի առաջատար ամսագրերում, այդ թվում նաև վարակաբանության թեմայով ամենահեղինակավոր Antiviral Research ամսագրում։

Համագործակցում են ոչ միայն կենսատեխնոլոգիական ընկերությունների, այլև ուրիշ գիտական կենտրոնների գործընկերների հետ՝ Պորտոգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից։

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի