Մանդատը վայր դրած իմքայլական Արամ Խաչատրյանին նոր պաշտոն կտան

Խաչատրյանի համար անընդունելի է խմբակցությունը լքածների քայլը։ Նա ասում է` եթե միասին են եկել իշխանության, ապա միասին էլ պետք է բոլոր խնդիրները հաղթահարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը երեկ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, չի պատրաստվում լքել կուսակցությունը։ Խաչատրյանը նման հայտարարություն արեց ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

«Մեր քաղաքական թիմը որոշել է, որ պետք է գործադիրում անցնեմ աշխատանքի։ Տարբեր առաջարկներ են եղել, իսկ թե որտեղ կլինեմ` առաջիկայում կիմանաք»,–ասաց Խաչատրյանը` խուսափելով պատասխանել հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ պետք է Լոռու մարզպետի պաշտոնը ստանա։

Խաչատրյանն ասաց նաև, որ այս պահին ճիշտ չի համարում լքել «Իմ քայլը» կուսակցությունը։ Ավելին, նրա համար անընդունելի է խմբակցությունը լքածների քայլը։ Իմքայլականն ասում է` եթե միասին են եկել իշխանության, ապա միասին էլ պետք է բոլոր խնդիրները հաղթահարեն։

Հիշեցնենք` եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Դիմում ՍԴ-ին` առանց դիմումի. ԱԺ-ն շտկել է Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով արված սխալը

Նշենք, որ սոցցանցերում տարածվող տեղեկության համաձայն` 2018-ին Լոռու մարզպետի տեղակալ աշխատած Խաչատրյանը շուտով նշանակվելու է Լոռու մարզպետ՝ փոխարինելով ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: