ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ: Այս մասին է այսօրվա իր համարում գրել «Ժողովուրդ» թերթը։
«ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցները (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլի» մեկ տուփը, այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ ահա «Տրիպլիկսամի» մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանսի» (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ»,–գրում է թերթը։
Որոշ դեղատների աշխատողների խոսքով՝ թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է: «Համաձայնեք, որ նշված դեղամիջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, և այս առումով իշխանությունը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ևս չպետք է ձեռքերը ծալած նստի:
ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում
Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հուսանք, որ դեղերի թանկացումը նրանց աչքից չի վրիպի»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` թեև դեղորայքի (ու տեղական դեղորայքի հումքի) մեծ մասը ներմուծվում է Հայաստան, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում դեղերն ընդամենը 0.6%-ով են թանկացել։