Սերգեյ Գազարովն Արմեն Ջիգարխանյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել

Մեկնաբանելով իր նշանակումը` Սերգեյ Գազարովն ընդգծել է, որ թատրոնի անունը պետք է նույնքան հնչեղ լինի, որքան հիմնադրի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դերասան և կինոռեժիսոր Սերգեյ Գազարովն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության պաշտոնական կայքը։

«Եթե կյանքը գերեզմանում է վերջանում, ուրեմն դա սուտ բան է, մեզ խաբեցին». Ջիգարխանյան

85–ամյա Ջիգարխանյանըմահացավ այս տարվա նոյեմբերի 14-ին։ Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրը 26 տարի շարունակ ղեկավարեց այն։ Թատրոնը ծնունդ է առել Կինոյի համառուսաստանյան ինստիտուտի (ВГИК) դերասանական ֆակուլտետի կուրսի հիման վրա, որի ղեկավարն Արմեն Ջիգարխանյանն էր։ Թատրոնի ժամանակագրությունը սկսվել է Ջիգարխանյանի մոնոներկայացմամբ, որը բեմադրվել էր Սամուել Բեքեթի «Կրեպի վերջին ժապավենը» պիեսի հիման վրա։

Թատրոնի նոր գեղղեկին աշխատակազմին է ներկայացրել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդ Կիբովսկին։ Գազարովը հայտնել է, որ ընդունել է թատրոնը գլխավորելու առաջարկը՝ լավ հասկանալով, թե ինչ խնդիրներ ու առաջնահերթ հարցեր է ստիպված լինելու լուծել։

«Այս թատրոնը ես լավ գիտեմ և բազմաթիվ պատճառներով անտարբեր չեմ նրա նկատմամբ։ Թատրոնը թարմացման կարիք ունի բոլոր իմաստներով և ուղղություններով։ Մենք ստիպված կլինենք հսկայական աշխատանք կատարել։ Եվ մենք կանենք դա։ Մենք կարող ենք նոր կյանք բերել այստեղ, որպեսզի թատրոնի անունը նույնքան հնչեղ լինի և նույնքան շատ բան նշանակի մեր մշակույթի համար, որքան հիմնադրի՝ Արմեն Ջիգարխանյանի անունը»,-ավելացրել է նա։

Մարդ–նվագախումբ, որին սիրահարվում էին կանայք․ գործընկերները հիշում են Արմեն Ջիգարխանյանին

Սերգեյ Գազարովը նաև սցենարիստ է և պրոդյուսեր։ Ավարտել է Թատերական արվեստի ռուսաստանյան ինստիտուտը (ГИТИС), աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում, Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայում, որտեղ 1991թ-ին բեմադրել է «Ռևիզոր» ներկայացումը, այնուհետև նույն տարում արժանացել է Ռուսաստանի թատերական գործիչների միության մրցանակին՝ տարվա լավագույն ներկայացման համար։ 1991թ․-ին հիմնել է «Նիկիտա և Պյոտր» մասնավոր կինոընկերությունը։ 1998-2001թթ․ եղել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Ունի մի շարք մրցանակներ։