ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը Facebook-ի էջում:
«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհուրդը 10 կողմ, 4 դեմ ձայնով հաստատել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Նրան մանդատից զրկելու որոշման հիմքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման» եզրակացությունն էր և ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որի համաձայն` պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։