Հայաստանը մտահոգ է Արցախի հայ բնակչության՝ իրենց տները վերադառնալու հարցով. Արա Այվազյան

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և պետությանը Հայաստանին ցուցաբերած մարդասիրական օգնության, հազարավոր հայտարարությունների ու հրապարակումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տելեգրամ–ալիքը։

Արա Այվազյանը լը Դրիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերիներից և եկեղեցիներից

«Վերջին ամիսներին մենք իսկապես զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի և պետության անկեղծ աջակցությունն ու համակրանքը: Դրա ամենավառ ապացույցը ինչպես մարդասիրական օգնությունն է, այնպես էլ ֆրանսիական մտավորականության, արվեստի և մշակույթի գործիչների, պետական գործիչների և քաղաքական գործիչների հազարավոր հայտարարություններ ու հրապարակումներ», – ասել է նախարարը։

Այվազյանը նշել է, որ արդյունավետ զրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ։ Քննարկման առանցքում եղել է Արցախը։

«Մենք մանրամասնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման խնդիրը։ Ես հայտնեցի, որ Հայաստանը մտահոգ է պատերազմի ընթացքում Արցախը լքած հայ բնակչության` իրենց բնակության վայրեր անվտանգ և արժանապատիվ վերադառնալու հարցով», – ասել է նախարարը։

Այվազյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև գերիների և մշակութային կոթողների մասին։

ՀՀ արտգործնախարարը Ֆրանսիայում է. առաջին հանդիպումն արդեն կայացել է

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության կետերից մեկի համաձայն՝  ներքին տեղահանվածները և փախստականները պետք է վերադառնան ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվելու է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին արտասահմանյան այցն իրականացրեց Մոսկվա՝ դեկտեմբերի 6–ին և 7-ին, որտեղ բանակցություններ վարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Դեկտեմբերի 8-ին Արա Այվազյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։