«Լավ էլի, մտան Փաշինյանի տուն, տեսանք ինչ կար». Ալեն Սիմոնյանը` ձայնագրության մասին

Երեկ երեկոյան համացանցում ձայնագրություն հրապարակեց, որում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը։

«Այն ձայնագրությունը, որում Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ինչ-որ բան է առաջարկում, Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ բան է պատասխանում, ես ոչ մի բան չեմ տեսնում, չեմ էլ ուզում մեկնաբանել»,– ասաց Սիմոնյանը։

Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ` ինչպես է զրույցը հայտնվել համացանցում

Իսկ լրագրողների դիտարկմանը, թե ձայնագրության հրապարակումից հետո մեկնաբանություններ եղան, որ այն, ինչ Սերժ Սարգսյանը մերժել էր, Նիկոլ Փաշինյանն ընդունել է ու գնացել այդ գործարքին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ էլի, մտան Նիկոլ Փաշինյանի տուն, տեսանք ինչ ենթադրություն կար` մի հատ 70 000 դրամանոց հայկական ժամացույց»։

Հիշեցնենք` երեկ երեկոյան համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Ավելի ուշ «Բաղրամյան 26» Տելեգրամ-ալիքն այս տեղեկությունները հաստատող ձայնագրություն հրապարակեց, որում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։

ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակը, արձագանքելով համացանցում հայտնված ձայնագրությանը, նշել է, որ անհասկանալի է, թե ինչպես է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում։