Ճանաչենք մեր հերոսներին. կասեցրել են թշնամու գրոհը, կրակի տակից տարհանել վիրավորներին

Արցախյան վերջին պատերազմում հերոսությամբ աչքի ընկածները քիչ չեն։ Ներկայացնում են նրանից մի քանիսի սխրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Պաշտպանության բանակը հրապարակել է հերթական հաղորդագրությունն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների մասին։

Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ: Ավագ լեյտենանտ Միքայել Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ:

«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը

Շարքային Արմեն Գալոյանը մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին: Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Բաբայանը:

Բուժակ, ենթասպա Գուրգեն Գրիգորյանը ցուցաբերել է արիություն` հակառակորդի կրակի տակից տարհանելով զոհերին ու վիրավորներին: Հակառակորդի հրետակոծության տակ բազմաթիվ վիրավորների առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տարհանել բուժծառայության կապիտան Անուշ Միքայելյանը:

Ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ընթացող մարտերում հմտորեն ղեկավարել և թշնամական կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Թադևոսյանը, սերժանտ Էդգար Հարությունյանը:

Հայտնի լուսանկարի հերոս հրետանավոր Արմանը տանն է. տեսանյութ

Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ է պատճառել սերժանտ Խորեն Ասատրյանը:

Պահեստազորային սերժանտ Արամ Մարգարյանը հինգ անգամ ետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:

Նշենք, որ տասնյակ զինծառայողներ պարգևատրվել են պատերազմի ընթացքում կատարած հերոսությունների համար։