Հայաստանում տեղի է ունենում «էլիտաների հեղաշրջման փորձ». Ալեն Սիմոնյան

Աժ փոխխոսնակը հայտարարեց, որ միայն ժողովուրդը պետք է որոշի, թե Հայաստանում ով պիտի դառնա իշխանություն, մինչդեռ այն պրոցեսները, որոնք այսօր տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները որակում է որպես «էլիտաների հեղաշրջման փորձ»։ Նման ձևակերպում նա տվեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Տարբեր էլիտաներ, որոնք հեղափոխությունից հետո կորցրել են իրենց հնարավորությունները` գումարներ ստանալու, կոչումներ ստանալու, այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից «բրդվում են» առաջ, որպեսզի ՀՀ–ում իշխանափոխություն լինի»,– ասաց Սիմոնյանը։

Աժ փոխխոսնակը հայտարարեց, որ միայն ժողովուրդը պետք է որոշի, թե Հայաստանում ով պիտի դառնա իշխանություն, մինչդեռ այն պրոցեսները, որ այսօր տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին` զրկելով նրան ընտրության իրավունքից։

Քաղաքացիները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը. տեսանյութ

«Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն ու այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով, ու չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները մինչև ժամը 12։00-ը ժամանակ էին տվել Փաշինյանին, որ հրաժարական տա` վստահեցնելով, որ հակառակ դեպքում անհնազանդության ակցիաներ են անցկացնելու:

«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Այս պահին Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները, «Նիկո՛լ, դավաճան» վանկարկելով, փակում են Երևանի կենտրոնական փողոցները։