ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ։ Հայրապետի կոչը հրապարակվել է Կիլիկիայի Հայոց թեմի Facebook–ի էջում։
«Հայ ժողովուրդը խոր տագնապի մեջ է. պարտված լինելու հոգեվիճակը մեզ անորոշության ու հուսահատության է մատնել։ Մեր զավակների արյունով կերտած ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրության թուրք-ադրբեջանական բանակի դեմ։ Կորցրեցինք նաև մեր ազգային արժանապատվությունը ու հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ ու գաղթականներ։ Աշխարհում չկա մի հայ, որ ազգին մեծ կորուստի տառապանքը չապրիր։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում»,–գրված է կաթողիկոսի ուղերձում։
Արամ Ա-ն նշում է, որ ազգը գտնվում է անորոշության մեջ։ Նա նկատում է, որ մեր ժողովրդի զավակները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրենց արդար բողոքն ու ընդվզումն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության փաստաթղթի նկատմամբ, որն Արցախի կողքին նաև վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը և անկախությունը։ «Փաստորեն, Հայաստանը նմանվել է ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավի»,–գրել է նա։
Կաթողիկոսն ընդգծել է, որ ճակատագրական այս պահին, մեր ժողովրդին միասնականությունն ավելի քան հրամայական է։ «Հեռու պետք է մնանք բևեռացումներ առաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողության ոգին սերմանող մոտեցումներից ու արարքներից։ Մեր ժողովրդին ներքին միասնականությունը ու հավաքական կամքը երաշխիք պետք է դառնան վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի համար»,–ասել է նա։
Նա նշել է, որ այս սկզբունքներով ու հանձնառություններով շուրջ երկու տարի առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի իշխանության ղեկը։ «Ներկա ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում, որ նույն սկզբունքներն ու հանձնառությունները ստանձնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով, նոր վարչապետ ընտրելու։ Մենք սպասում ենք, որ նոր վարչապետի գլխավորությամբ կազմված անցումային կառավարությունը Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ շուտափոյթ կազմակերպի։
Նիստը փակ կլինի. Մարուքյանն «Իմ քայլին» մեղադրում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ
Արամ Ա Կաթողիկոսն ասում է, որ աղոթում են առ բարձրյալ Աստված, որ իր երկնային թագավորություն ընդունի մեր նահատակներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում, գերիներին վերադարձ ու սգավոր ընտանիքներին մխիթարություն պարգևի, և մեր ազգն ու հայրենիքը հեռու պահի ամեն տեսակ չարիքներից։