«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն առաջարկում է կանչել և՛ Սերժ Սարգսյանին և՛ Նիկոլ Փաշինյանին, որ յուրաքանչյուրը պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց Սերժ Սարգսյանի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի` երեկ համացանցում տարածված ձայնագրության մասին հարցին։

Հիշեցնենք` երեկ երեկոյան համացանցում լուրեր հայտնվեցին, որ Ադրբեջանի նախագահը ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեծ գումարներ է առաջարկել Արցախի դիմաց, բայց Սարգսյանը մերժել է։

Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ` ինչպես է զրույցը հայտնվել համացանցում

Ավելի ուշ «Բաղրամյան 26» Տելեգրամ-ալիքն այս տեղեկությունները հաստատող ձայնագրություն հրապարակեց, որում Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի հնարավոր լուծման մասին։

«Ես ինձ համար save եմ արել պահել եմ: Դա, կարծում եմ, պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է։ Այնտեղ պետք է կանչվի և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը։ Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել։ Այնտեղ կարևոր հարցեր կան` այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ–ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպե՞ս է սպրդել մամուլ»,– ասաց Մարուքյանը։

Ի պատասխան լրագրողների հարցի, թե՞ կարող է այս ձայնագրությունը դիտարկվել իբրև ՀՀ նախագահին առաջարկված կաշառքի փաստ, Մարուքյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, որ կաշառք առաջարկեն, ասեն` զորքերդ հանի, բայց որ նախագահին կաշառք առաջարկեն, մի քիչ չեմ հավատում»։

Նիստը փակ կլինի. Մարուքյանն «Իմ քայլին» մեղադրում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ

Հիշեցնենք` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել վերջին պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այս մասին դեկտեմբերի 7-ին ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա մեկնաբանմամբ` իրենք առաջարկում են պարիտետային հանձնաժողովի ձևաչափը, որպեսզի դրանում լինեն հավասար թվով խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ու ՀԿ–ների ներկայացուցիչներ։

Նրա խոսքով` այդ հանձնաժողովը պետք է քննի հանրության համար անհասկանալի մնացած բոլոր գործողությունները, որոշումները։