Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը. Այվազյան

ՀՀ արտգործնախարարը հիշեցրեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերի մասին։ Նրա խոսքով` Թուրքիան պետք է իր վարձկան գրոհայիններին հնարավորինս շուտ դուրս բերի Ղարաբաղյան հակամարտության գոտուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց` Հայաստանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը գերիների փոխանակման գործընթացը ձախողելու փորձեր չի ձեռնարկի։

ԱԺ–ն գերիների վերադարձի հարցով կդիմի բոլոր միջազգային կառույցներին

Նախարարը հիշեցրեց, որ Երևանը գերիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով փոխանակելու պատրաստակամություն է հայտնել:

«Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմից չեն դադարում ռազմագերիների և պատանդ պահվող խաղաղ բնակիչների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները։ Հայ ռազմագերիներն ու այն խաղաղ բնակիչները, որոնք չեն հասցրել լքել իրենց տները, ենթարկվում են դաժան կտտանքների և ողջ-ողջ գլխատվում։ Ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում ԻԼԻՊ-ը (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում) վարվում էր պատանդների հետ», - ասաց նա։

Այվազյանը նաև նշեց, որ Ադրբեջանին անցած տարածքներում պղծում են հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։

ՀՀ արտգործնախարարն անդրադարձավ տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերին։ Նրա խոսքով` Թուրքիան պետք է իր զինված անձնակազմն ու վարձկան գրոհայիններին հնարավորինս շուտ դուրս բերի Ղարաբաղյան հակամարտության գոտուց։

Այվազյանը շեշտեց` այդ գործընթացը չի կատարվում, փոխարենը զինյալների ներկայության աշխարհագրությունն ընդլայնելու փորձեր են արվում, մասնավորապես նրանց Ղարաբաղում վերաբնակեցնելու միջոցով։

Զգայուն խնդիր է և հրատապ լուծման կարիք ունի. ՀՀ ԱԳ նախարարը խոսեց գերիների վերադարձի մասին

ԱԳՆ ղեկավարը նաև նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը։ Հայաստանն իր հերթին հանդես է եկել և շարունակում է հանդես գալ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության ճանաչման դիրքերից։

Խոսելով Ռուսաստանի դերի մասին՝ նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված և վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել:

Այվազյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդության շնորհիվ հնարավոր եղավ նոյեմբերի 9-ին համաձայնեցնել և ընդունել համատեղ եռակողմ հայտարարությունը:

«Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում հանգստության և կայունության վերականգնման համար և երաշխիք է ծառայում Ադրբեջանի, Թուրքիայի և օտարերկրյա վարձու ահաբեկիչների կողմից սադրանքներ թույլ չտալու համար: Ռազմական գործողությունների կասեցումը հնարավորություն է տալիս վերսկսելու քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում» - ընդգծեց Այվազյանը։

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի շուտափույթ իրականացմանը. Լավրով

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերու, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: