Վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը. 150 փաստաբաններ պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Ըստ փաստաբանների հայտարարության` Փաշինյանը եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո չի կարողանում (ի զորու չէ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, այդ թվում՝ չի կարողանում լուծել ռազմագերիների, անհայտ կորածների, ինչպես նաև ՀՀ սահմանները պահպանելու հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը, կից հրապարակելով փաստաբանների հայտարարությունը։

Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթինգով սպառնալու, դատավորների ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը քննարկելու միջոցով»,–նշված է հայտարարության մեջ։

Նշվում է , որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու միջոցով՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունը և հանրաքվեն։

«Փաշինյանը պետք է գնա, ցանկացած բանական մարդ պահանջում է նրա հրաժարականը». Քոչարյան

Ըստ հայտարարության`Նիկոլ Փաշինյանը չի կանխել փաստաբանների և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ուղղորդված ճնշումները։ Վարչապետի թիմը մերժել է փաստաբանի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրինագծերը Ազգային ժողով ներկայացնելու` Փաստաբանների պալատի նախաձեռնությունները (դատական տուգանքի վերացում, փաստաբանին վիրավորելու համար պատասխանատվություն, կալանավորված փաստաբանի հետ փաստաբանների պալատի ներկայացուցչի հանդիպման հնարավորություն և այլն)։

Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Նշվում է, որ Փաշինյանի թիմն անհարկի երկարաձգել է արտակարգ և ռազմական դրությունները, դրանով իսկ խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժման, հավաքների կազմակերպման և մասնակցության, խոսքի ազատության և այլ իրավունքները։

Ըստ փաստաբանների`Փաշինյանի թիմը կրթության և գիտության ոլորտներում իրականացրել է Հայաստանի ազգային շահերից չբխող քաղաքականություն։

Նշվում է, որ վարչապետը ձախողել է Հայաստանի Արցախի սահմանների պաշտպանությունը, որի արդյունքում, մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը փոխանցվել են Ադրբեջանին, Հայաստանը և Արցախը կրել են մարդկային մեծ կորուստներ, բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։

Փաշինյանը գաղտնիության պայմաններում ստորագրել է Արցախի և Հայաստանի շահերին վերաբերող նվաստացուցիչ փաստաթուղթ՝ ի հակասումն իր իսկ խոստումների, որ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվելու։

Ըստ հայտարարության` Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելուց հետո չի կարողանում (ի զորու չէ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, այդ թվում՝ չի կարողանում լուծել ռազմագերիների, անհայտ կորածների, ինչպես նաև Հայաստանի սահմանները պահպանելու հարցերը:

Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում

«Վերոնշյալ և բազմաթիվ այլ սխալների հետևանքով վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և իրավական անվտանգությունը: Հայտարարությունը բաց է փաստաբանների միանալու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։