Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3. Մական երկրաշարժից հետո տանել չի կարողանում ծաղկաթափը

Մաքրուհի Սարգսյանը դրվագ առ դրվագ հիշում է, թե ինչպես իր աչքի առաջ մահացան զավակները, մայրն ու եղբայրը, հետո 3 օր անշարժ մնաց փլատակների տակ, ու առնետները սկսեցին կրծել մարմինը։
Sputnik

Երբ Մաքրուհի Սարգսյանին առաջարկեցի խոսել երկրաշարժի մասին, մտածում էի` չմորմոքվող ցավի ու դառը հիշողությունների պատճառով գուցե մերժի։ Չմերժեց: Արցունքն աչքերին պատմեց 32 տարի առաջ տեսած ու ապրած սարսափի դրվագները:

Մական (մտերիմներն այդպես են անվանում նրան) 23 տարեկան էր։ Ամուսնու ու երկու երեխաների հետ հայրական տանն էին: Տանն էին նաև եղբայրն ու մայրը: Ցնցումը զգալով՝ երիտասարդ կինն անմիջապես գրկեց որդուն, ամուսինը՝ աղջկան, ու փորձեցին դուրս գալ բնակարանից, բայց շենքը փլվեց, մայրը, եղբայրն ու որդին տեղում մահացան:

«Ես այդ ամենը տեսա, տեսա, թե ինչպես բետոնե սալիկն ընկավ որդուս վրա… Արդեն չէի կարող շարժվել. բետոնե սալիկն իմ ոտքերին էլ էր ընկել: Աղջկաս ասացի` Ալիսիկ ջան, փախի՛։ Հենց այդ ժամանակ երկրորդ ցնցումը գրանցվեց, պանելն ընկավ աղջկաս վրա: Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3... Հարազատներիս մահն իմ աչքերով տեսա»,-պատմում է նա ու հազիվ զսպում արցունքները:

Երկրորդ ցնցումից հետո ամեն ինչ մթնեց, բետոնե սալիկները ծածկ դարձան Մակայի համար: Միայն մի ձեռքով կարող էր շարժվել, շոշափելով զգաց՝ մի կողմում մայրն էր, մյուս կողմում` եղբայրը, որն իր ափով փորձել էր պաշտպանել քրոջ գլուխը:

Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3. Մական երկրաշարժից հետո տանել չի կարողանում ծաղկաթափը

«Ամուսնուս ձայնը գալիս էր, մեկուկես օր ամուսինս հետս խոսեց, նրա ձայնը փլատակների տակից լսվում էր, իմը՝ ոչ, բայց ասում էր` էլ ուժ չունեմ օգնություն կանչելու։ Այդ ընթացքում մի քանի անգամ ուշագնաց եղա»,– պատմում է կինը:

Ամուսնուն փլատակների տակից հանեցին մեկուկես օր հետո, բայց ճակատագրի հեգնանքով նա էլ մահացավ. խեղդվել էր հողից:

«Ես 6 ամիս չեմ իմացել, որ ամուսինս մահացել է, ձայնը փլատակի տակից լսել եմ ու չեմ պատկերացրել, որ նա չի ապրի: Այդպես 3 օր անշարժ մնացել եմ, ծարավն ու մարմինս կրծոտող առնետներն էլ` մյուս կողմից»:

Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին

Մական կարողացել է փլատակների տակ շոշափելով գտնել մայրիկի՝ եղբոր նշանադրության համար գնած կոնֆետներն ու ուտել: Օգնության հասած մարդիկ երկրաշարժից երկու օր անց են հասկացել, որ փլատակների տակ ողջ մնացած մարդ կա, բայց Մակային դուրս բերելու համար ավելի քան 1 օր է պետք եղել։ Բետոնե սալիկը մի ոտքն այնպես էր վնասել, որ անհրաժեշտությունից դրդված, առանց թմրեցնելու կտրեցին ոտքը: Մյուս ոտքի վրայից էլ երկաթե ամրանները հանեցին հատուկ շինարարական գործիքով: Անմիջապես տեղափոխեցին Լենինականի թիվ 1 հիվանդանոց և զգուշացրին`՝ եթե անեսթեզիայից հետո արթնացավ, կապրի:

Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով

Մական արթնացավ, երբ նրան ուղղաթիռով տեղափոխում էին Երևանի հոսպիտալ: Հոսպիտալում էլ կլինիկական մահ տարավ:

«Բայց դրանից հետո էլ արթնացա։ Մեծերի ասածի պես «թեփս չէր պարպել»»,- փորձում է կատակել նա:

Մական երախտագիտությամբ է հիշում բուժման հաջորդ 6 ամիսը Լենինգրադում իր կողքին եղած բոլոր մարդկանց:

«Մինչ օրս էլ կապը կա հատկապես զինվորական ակադեմիայի ռենտգեն կաբինետի բուժքրոջ Նադյայի հետ, որը մոր նման էր ինձ վերաբերվում: Լենինգրադից 6 ամիս հետո վերադարձա, բայց ո՞ւր՝ դեպի մենակություն, որը ֆիզիկական տկարությունից ավելի վատ էր՝ առանց ամուսնու, առանց երեխաների, մոր ու եղբոր»,-պատմում է կինը՝ զգուշությամբ ու քնքշությամբ ցույց տալով հարազատներից մնացած լուսանկարներն ու աղջկա ժապավենները, որոնք խնամքով պահում է մինչ օրս։

Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3. Մական երկրաշարժից հետո տանել չի կարողանում ծաղկաթափը

Արդեն 32 տարի է` Մաքրուհի Սարգսյանը տանել չի կարողանում աշունն ու գարնանը ծաղկած բալենիների ծաղկաթափը, ասում է՝ երբ սպիտակ ծաղիկները ձյան նման թափվում են, ցուրտն ու սև օրերն են հիշեցնում: Ապրելու համար ուժը նախ աշխատանքն է տվել, հետո արդեն երկրորդ ամուսինը՝ Գագիկը, որը փորձել է կնոջ հետ կիսել դժվարությունները՝ հոգսն ու ցավը: Կնոջ սև ու սպիտակ օրերը գույն ստացել են միայն Գագիկի հետ կյանքը կապելուց հետո՝ 6 տարի առաջ:

Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3. Մական երկրաշարժից հետո տանել չի կարողանում ծաղկաթափը

Չնայած երեխաների մասին կինն անդադար է մտածում, բայց գունավոր օրերը խամրում են հատկապես դեկտեմբերի 7-11–ը, երբ նրա համար ծածկ էին դարձել զավակների կյանքը խլած բետոնե սալիկները։

Երկրաշարժից հետո անօթևան մնացածների համար դեռ տներ են կառուցվում. ծրագրի վերջին փուլն է