«Ունենք իշխանության կոլապս, քաղաքական համակարգը պարալիզացված է». Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է դիվանագետների հրապարակած հայտարարությանը, որով նրանք պահանջում են իշխանության հրաժարականը։
Sputnik

Իշխանության հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած դիվանագետներից Հովհաննես Մանուկյանի դիտարկմամբ` Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող փաստաթղթում առկա գնահատականներն ու եզրակացությունները խորապես ընկալված և որպես համոզմունք ձևավորված գնահատականներ ու երաշխավորություններ են, որոնք որոշակի լույս են սփռում նախ իրավիճակի վրա, ապա և տալիս են լուծում, թե ինչպես պետք է շարժվել առաջ և դուրս գալ բարդ իրավիճակից, այդ թվում` դիվանագիտական կոլապսից։

«Նիկոլ, հեռացի՛ր». Երևանում կազմակերպված համապետական հանրահավաքի ամենավառ կադրերը

«Մեր հայտարարության հանրային ընկալման հետ կապված նշեմ, որ դրա դեմ հարցադրումներ չեղան, և այն միանշանակ ընդունվեց, ինչը նշանակում է, որ դրանում առկա գնահատականները ճիշտ են, իսկ եզրակացությունները պետք է առիթ տան խորհելու»,– նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։

Մանուկյանի խոսքով` ծայրահեղ ծանր պայմաններում, պատերազմական սթրեսից և դիվանագիտական ջախջախումից հետո պետք է իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել, և այստեղ միայն դիվանագետների աշխատանքը բավարար չէ, հետևաբար երկրի ամբողջ քաղաքական համակարգը պետք է լծվի կոնկրետ աշխատանքների։

Դիվանագետի գնահատմամբ` ներկա պահին ունենք իշխանության կոլապս, քաղաքական համակարգը պարալիզացված է, պատերազմում գրանցված պարտությունն ու դրա հետևանքով ստորագրված փաստաթուղթը ստեղծել են մի իրավիճակ, երբ պետության քաղաքական կյանքն ասես կանգ է առել, իսկ քաղաքական մեծամասնությունն ու նրա առաջնորդը փաստացի կորցրել են լեգիտիմությունը։

Հիշեցնենք` ՀՀ մի խումբ դիվանագետներ դեկտեմբերի 4-ին հայտարարություն էին տարածել, որով քննադատության էին ենթարկում ՀՀ իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը, ինչը, նրանց բնորոշմամբ, լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցրել երկիրը։