Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմության դիմումը. նիստը կկայանա փետրվարին

Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու Կառավարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik.Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունել է ԱԺ փոքրամասնության դիմումը։ Տեղեկությունն այսօր խորհրդարանում հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացրած դիմումը»,– հայտնեց նա` հիշեցնելով, որ խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի մասին է:

Թուրքը Խնձորեսկի մոտ է, իսկ գերիների վերադարձով և Արցախով միայն ՌԴ–ն է զբաղվում. Զոհրաբյան

Այլ մանրամասներ ներկայացրած դիմումի վերաբերյալ Մարուքյանը չհայտնեց։ ՍԴ–ի պաշտոնական կայքում հրապարակված որոշումից պարզ է դառնում, որ պատգամավորների դիմումը քննարկվելու է 2021 թվականի փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին, գրավոր ընթացակարգով։

Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու Կառավարությունը:

Հիշեցնենք` ԱԺ–ի ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում էին ներկայացրել դեռ ս.թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ Ազգային ժողովը հունիսի 22-ին 89 կողմ ձայնով ընդունել էր սահմանադրական փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության նախագիծը։

Դրանով իշխող ուժը փորձում էր լուծել ՍԴ–ում ստեղծված ճգնաժամը` ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ու նորընտիր անդամների միջև։

Փաշինյանը մեղավոր է Արցախում պարտության համար, բայց մյուսներն էլ են մեղավոր. Գասպարյան

Ընդունված փոփոխություններով դադարեցվեցին 12 և ավելի տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները։ ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանն ու Ալվինա Գյուլումյանն այս որոշմամբ անցան թոշակի։ Նրանց ավելի ուշ փոխարինեցին ՀՀ նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Իսկ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային դատավոր։ Կազմակերպված նոր նախագահի ընտրության արդյունքում այդ աթոռը բաժին հասավ Արմեն Դիլանյանին։