ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում մեկնարկել են խորհրդարանական լսումներ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» նախագծի շուրջ։
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը լսումներին չի մասնակցում։
«Ուզում եմ իրազեկել, որ մենք հրավիրել ենք նաև «Իմ քայլի» մեր գործընկերներին։ Բայց վերջին տվյալներով իմացանք, որ «Մայլբերի»–ով նամակ են ուղարկել, որ չեն մասնակցելու։ Նամակը չգտանք։ Բայց ամեն դեպքում ուզում եմ ասել, որ հրավիրված են եղել»,– ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Այնուհետև նա ԱԺ ամբիոնից ներկայացրեց լսումների օրակարգում ներառված միակ նախագիծը` «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին»։
Նախագծում մասնավորապես ասվում է, որ հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները և դրանց հնարավոր հետևանքները, ականատես լինելով Փաշինյանի հնչեցրած անթույլատրելի բռնության կոչերն ու պատասխանատվություն ստանձնելու բացարձակ անկարողությանը, վերլուծելով ՀՀ կառավարության անդամների ու բարձրաստիճան աշխատակիցների կողմից ներկայացվող փաստական հանգամանքները, «Լուսավոր Հայաստանը» ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է հետևյալ ծրագիրը.
Արարատի մարզի մի շարք համայնքապետներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն,
2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում,
3. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում.
4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում։
Ինչ վերաբերում է ներքին իրավիճակին, ապա դրա կայունացման համար «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է բախումների դադարեցում, հանրային համերաշխության ու պետական ինստիտուտների վերականգնում, զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում, կորոնավիրուսի դեմ պայքար, միջազգային դոնորների համաժողովի հրավիրում` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ՝ Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցներ ներգրավելու համար և այլն։
Պայքարը շարունակվում է. երիտասարդները խոստանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին
«Լուսավոր Հայաստանի» համոզմամբ, գործող կառավարության ծրագիրն այլևս չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների առջև պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին և նոր իրողություններին: Մինչդեռ առաջարկվող ծրագրով, այդ քաղաքական ուժի համոզմամբ, սեղմ ժամկետում հնարավոր կլինի ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները` դրանք իրականացնելու համար: