ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան դիվանագիտությունը 30 տարի չի ունեցել և այսօր էլ չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Այսօր մենք ունենք դիվանագիտության առաջ կանգնած 3 խնդիր` Արցախ, թուրք–հայկական հարաբերություններ և եղեռն։ Իսկ այն, որ դիվանագիտությունը պետք է նաև ծառայի ներքին խնդիրների իրագործմանը` ռազմական դիվանագիտություն, մշակութային դիվանագիտություն և տնտեսական դիվանագիտություն, այս ամենը գոյություն չունի։ Մենք տապալել և տապալում ենք Հայաստանի` որպես փոքր պետության հնարավորությունները դիվանագիտության ասպարեզում, այսինքն`այլ պետությունների միջև խաղալու այն դերը, որը կարող է բերել մեծ օգուտներ»,– ասաց Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դիվանագետը շեշտեց, որ Հայաստանը տապալել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, փչացրել հարաբերությունները Իրանի հետ, չի կարողացել իր համար կարևոր շրջանում ներգրավել Չինաստանին, Վրաստանին և այլ երկրների։
Հայաստանյան դիվանագիտությունը, նրա խոսքով, այսօր դուրս է մնում շատ կարևոր պրոցեսներից, քանի որ դրանում դիլետանտիզմը հաղթահարում է պրոֆեսիոնալիզմին։
Ըստ Նավասարդյանի` մենք ունեցել ու այսօր էլ ունենք դեսպաններ, որոնք շատ հեռու են դիվանագիտությունից։
Իսկ պատերազմի օրերին, Նավասարդյանի համոզմամբ, Հայաստանն ուղղակի պետք է հետ կանչեր իր դեսպաններին առանցքային երկրներից ու նրանց փոխարիներ ավելի պրոֆեսիոնալ կադրերով։ Բայց դա չարվեց։
Ո՞վ էր արցախյան պատերազմի մեղավորը. ՌԴ–ում հարցում են անցկացրել
Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը, Նավասարդյանն այն կոչեց «պարզապես թուղթ», քանի որ այն անգամ պայմանագիր չէ։
«Եվ եթե մենք չկարողանանք վերանայել այն ու վերաբանակցել Ռուսաստանի հետ, սա կլինի շատ մեծ վտանգ Հայաստանի համար»,– ասաց նա` արձանագրելով, որ դրա համար անհրաժեշտ է բանակցողների նոր թիմ։
Նրա խոսքով`քանի որ գործող իշխանությունն ու հատկապես դրա ղեկավարն այլևս անկարող են դա անել, պետք է հեռանան։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։