Երկրաշարժից հետո անօթևան մնացածների համար դեռ տներ են կառուցվում. ծրագրի վերջին փուլն է

Այս տարի անօթևանների համար տներ կառուցելու համար հատկացվել էր 3 մլրդ դրամ ` վերջին փուլի 229 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակապահովման ծրագիրը մոտենում է ավարտին, հիմա ծրագրի շահառու ճանաչված վերջին` 229 ընտանիքների համար տներ են կառուցվում գյուղական համայնքներում։ Այսօր` 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելից օրը, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։

Սպիտակի ավերիչ երկրաշարժը թվերով

«Դեռ 2008-ին մեկնարկած ծրագրի շահառու են ճանաչվել 5406 ընտանիք` Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերից։ 2020-ին աշխատանքներ կատարելու համար 3 մլրդ դրամ էր հատկացվել վերջին փուլի 229 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով։ Կառուցապատման աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին։ Այժմ էլ աշխատանքներն ընթանում են»,–ասաց Արզումանյանը։

Նրա խոսքով` կորոնավիրուսով կամ պատերազմական իրավիճակով պայմանավորված` այս ծրագրի ֆինանսական նվազեցումներ չեն եղել։

Արզումանյանը հայտնեց` միայն վերոհիշյալ ծրագրով բնակապահովման խնդրի լուծմամբ երկրաշարժից տուժած համայնքները չենք կարող համարել երկրաշարժի հետևանքները թոթափած համայնքներ։ Անհրաժեշտ են նաև տնտեսական և սոցիալական այլ ծրագրեր, ինչի մասին են փաստում տուժած համայնքներում տեղադրված բազմաթիվ տնակները, կիսակառույցները։

Արզումանյանը խոսքով` 2018-ի տարեվերջին ոչ հիմնական շինությունների փաստագրման աշխատանքներ են իրականացվել, որի շրջանակներում ավելի քան 7000 շինություն է փաստագրվել, ինչպես նաև այնտեղ ապրողների մասին տեղեկություններ են հավաքագրվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մարդկանց շրջանում կան ինչպես անօթևաններ, այնպես էլ երկրորդային պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված մարդիկ։

Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին

Վարչապետի հանձնարարականով անելիքների ճանապարհային քարտեզ է մշակվել, որը հաստատվելուց հետո արդեն կյանքի կկոչվի։

Խաղաղություն «ժանտախտի ժամանակ», կամ ղազախ փրկարարի հուշերը Սպիտակի երկրաշարժից և հայերից

Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ երբ բնակչին բնակարան է տրամադրվում, ապա «դոմիկները» լքելու պայման է դրվում։ Լինում են դեպքեր, երբ բնակիչները դժգոհում են` ասելով, թե որպես մառան կարող են այն օգտագործել, սակայն պայմանը մնում է պայման։

Հիշեցնենք, որ միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի. լուսանկարներ