Բախումները բացառված են. Սաղաթելյանն ասել է` ինչպես են կազմակերպելու անցնցում փոփոխություն

ՀՅԴ–ականի խոսքով` Փաշինյանը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող ՔՊ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։

Անդրադառնալով վերջին շրջանում ստեղծված իրավիճակին Facebook–ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Եռակողմ հայտարարությունը լուծում չէ. ՀՀ ԱԺ–ն իր անհամաձայնությունը կհայտնի փաստաթղթին

Նա նշել է, որ հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։

«Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը: Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու»,–գրել է նա:

Նրա խոսքով` հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։

«Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն` Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող ՔՊ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումը բացառված է` հակամարտող կողմեր պարզապես չկան»,–ասել է Սաղաթելյանը։

Առաջնային հարցը մնում է բանակցություններին վերադառնալը. Այվազյանն ասաց` երբ է դա հնարավոր

Նա նշել է, որ այս պահին կա խոցված արժանապատվությամբ, դավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։

«Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը»,–խոստացել է ՀՅԴ անդամը։

Նա իր զարմանքն է հայտնել իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների և իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա և նշել, որ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։

Հայաստանը պետք է վերանայի եռակողմ հայտարարությունն ու վերաբանակցի ՌԴ–ի հետ. Նավասարդյան

Նշենք, որ ընդդիմադիր 16 կուսակցությունները, որոնք Հայրենիքի փրկության շարժումն են ձևավորել և նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո պայքարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար, արդեն ներկայացրել են վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին, որը կգլխավորի ժամանակավոր կառավարությունը։

Ո՞րն է ընդդիմության հաջորդ քայլը. Մանուկյանից շատ բան է կախված