Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին

«Շիրակ» օդանավակայանի «Հիդրոմետ» ծառայությունում 45 աշխատանքային տարիների ընթացքում Աիդա Դավթյանը շատ լավ և վատ բաներ է տեսել, բայց 1988-ի երկրաշարժն ու դրան հաջորդող օրերն ամենասարսափելին էին։ Նա Sputnik Արմենիային պատմել է` ինչպես էր աշխատում օդանավակայանն այդ օրերին։
Sputnik

Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) օդերևութաբանական համալսարանում  բարձրագույն մասնագիտական կրթությունից ու Երևանում կարգավարական կուրսերից հետո Աիդա Դավթյանը 1983 թվականին աշխատանքի է անցնում «Շիրակ» օդանավակայանում որպես կարգավար: Ասում է՝ արդեն հասցրել էր սիրել ու իրենով անել մասնագիտությունը, երբ դեկտեմբերի 7–ի սարսափելի աղետը տեղի ունեցավ:

Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին

«Օդանավակայանի շենքի պատերն ուժգին տատանվում էին, թվում էր՝ շենքը փուլ կգա: Քաղաքի կողմից դղրդյուններ էին լսվում, իրարանցում էր։ Քիչ անց ցնցումներն աստիճանաբար մարեցին: Շենքը կանգուն մնաց, զոհեր, բարեբախտաբար, չեղան: Մեզ թվաց պատերազմ է սկսվել՝ քաղաքի վրա ռումբեր են պայթել, որոշ ժամանակ անց ստացանք սարսափելի լուրը»,-պատմում է տիկին Աիդան: 

Գյումրիում տիրող իրավիճակի մասին իմանալուց հետո անմիջապես շտապում է տուն: Տեսնելով, որ հարազատներին բան չի պատահել` կրկին վերադառնում է աշխատանքի:

Ինչպես երկրաշարժը փչացրեց 9–ամյա աղջկա ծննդյան տոնը, կամ երբ կյանքը հաղթում է մահին

Էլեկտրականության բացակայությունը չի խանգարում օդանավակայանում կազմակերպել առաջին վիրավորների տեղափոխումն այլ քաղաքների հիվանդանոցներ: Ժամը 15:00-ի սահմաններում ժամանում են առաջին ուղղաթիռները: Հենց այդ րոպեից օդանավակայանը դառնում է ամենակարևոր կենտրոններից մեկը: Պարբերաբար վիրավորներ էին բերում: «Նրանք բոլորը կիսամերկ էին: Քանի որ գիշերային հերթապահությամբ էինք աշխատում, մեզ մոտ ծածկոցներ ու վերմակներ կային, ամբողջը բերեցինք։ Հիվանդներին փոքր-ինչ ցավազրկելու համար, բժիշկի առաջարկով, թռիչքների ուղևորներից կոնյակ ճարեցինք, տվեցինք, որ խմեն»,-հիշում է տիկին Աիդան։ Նա ստանձնում է նաև վիրավորների տվյալները գրանցելու գործընթացը. նրանք ուղեկցող հարազատներ չունեին ու հետագայում նրանց մասին տեղեկություններ ձեռք բերելը բարդ կլիներ: Օդանավակայանի տարածքում արագ ձևավորվում է փոքրիկ հոսպիտալ, որտեղ մինչև տեղափոխվելը մնում էին վիրավորները:

Առաջին ուղղաթիռներով վիրավորներին ճանապարհում էին Երևան կամ Թբիլիսի: Ավելի ուշ Երևանից ժամանած կապի մասնագիտական բրիգադները վերականգնեցին էլեկտրասնուցումը, որից հետո օդանավակայանի ծառայությունները սկսեցին աշխատել բնականոն, սակայն անսովոր խիստ ծանրաբեռնվածությամբ:

Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին

Մարդասիրական օգնության եկած օդանավերն անթիվ–անհամար էին ինչպես «Զվարթնոց», այնպես էլ «Շիրակ» օդանավակայաններում: «Վայրէջք-թռիչքները ղեկավարող ավիակարգավարներս, գիշեր ու զօր աշխատում էինք անասելի ծանրաբեռնվածությամբ՝ ուժերի ու հնարավորությունների առավելագույնով օրական 240 թռիչք սպասարկելով: Բոլորս էլ գիտակցում էինք աշխատանքի կարևորությունը»,–ասում է տիկին Աիդան:

Երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչում ենք` ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում. ՀՀ նախագահ

Ավելի ուշ օդանավակայանը սկսեց ընդունել նաև բեռնատար օդանավեր՝ աշխարհի տարբեր երկրներից, իսկ արդեն օրեր անց փրկարարներ ու շինարարներ տեղափոխող ինքնաթիռները շատացան: Մինչև 1989–ի մարտ ամիսн օդանավակայանն աշխատել է նույն ծանրաբեռնվածությամբ:

«Ջուր չկար, նույնիսկ լվացվելը դժվար էր, մինչև Արթիկից մեծ տակառներով ջուր բերեցին, որ կարողանայինք գլուխներս լվանալ: Դուրսը կրակի մոտ էինք տաքանում: Հերոսի պես մնացինք  ու աշխատեցինք»:  

Անթիվ վիրավորների տեղափոխում, անհաշվելի թռիչքներ. «Շիրակ» օդակայանը` երկրաշարժի օրերին

Վաստակած հանգստի անցած տիկին Աիդան ասում է` եթե  նորից ընտրելու լիներ, կրկին ավիացիան կընտրեր: Ի դեպ, 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, կարևորելով երկրաշարժից հետո օդանավակայանի դերն ու կատարած աշխատանքը, Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի անունից տիկին Աիդան արժանացավ հատուկ մեդալի: