ԱԺ–ն գերիների վերադարձի հարցով կդիմի բոլոր միջազգային կառույցներին

Խորհրդարանի` վաղը մեկնարկող նիստում ընդդիմությունն առաջարկում է քննարկել ու ընդունել ուղերձ` ուղղված միջազգային բոլոր կառույցներին, բոլոր ինստիտուտներին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներին, համանախագահ երկրներին` ռազմագերիների հարցը շուտափույթ լուծելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Վաղը` դեկտեմբերի 8-ին մեկնարկող ԱԺ այս տարվա վերջին քառօրյա նիստում խորհրդարանը կքննարկի ռազմագերիների հետ կապված խնդիրը։

Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը. Այվազյան

Այս մասին այսօր ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ նիստի օրակարգում այդ հարցը ներառվել է «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկով։

«Հույս ունենք, որ կառավարությունից կգա ներկայացուցիչ ու կասի մեզ, թե ինչ է տեղի ունենում և ինչ է արվում հիմա»,– ասաց Մարուքյանը։

Քննարկման ավարտին նախատեսվում է ընդունել ուղերձ` ուղղված միջազգային բոլոր կառույցներին, բոլոր ինստիտուտներին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներին, համանախագահ երկրներին` ռազմագերիների հարցը շուտափույթ լուծելու համար։

«Այդ մակարդակի քայլ դեռևս չի արվել Հայաստանից։ Եղել են կոչեր` քաղաքական ուժերի, մտավորականների, մեր առանձին նամակներ, բայց սա ԱԺ–ի ուղերձ է լինելու»,– մեկնաբանեց Մարուքյանը։

Զգայուն խնդիր է և հրատապ լուծման կարիք ունի. ՀՀ ԱԳ նախարարը խոսեց գերիների վերադարձի մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարությունը նախատեսում է նաև գերիների փոխանակման գործընթաց, բայց ժամկետները հստակեցված չեն։