ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքից մեկ օրում նախկին բնակության վայր` Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 1318 մարդ։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է արդեն 33 235 փախստականների անվտանգ վերադարձը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Բացի այդ, ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմի զինծառայողները շարունակում են ականազերծում իրականացնել Արցախի տարածքում. արդեն ավելի քան 61 հա տարածք մաքրվել է պայթյունավտանգ իրերից:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվում է նաև զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը։
«Գործում է «թեժ գիծ»՝ պատերազմի ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար։ «Թեժ գծի» աշխատանքի մեկնարկից ի վեր 248 դիմում է ստացվել», - հայտնել են նախարարությունից:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են