ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` ՀՀ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Նախագահի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով Արմեն Սարգսյանի տեսակետը։
Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու։
Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ Արմեն Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին։ Սարգսյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ:
«Հետևաբար կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային: Պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներին սպառիչ տեղեկատվություն տրամադրվի հիմնադրամի հանգանակած միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ինչի համար է ՀՀ կառավարությունը գումար վերցրել «Հայաստան» հիմնադրամից
Արմեն Սարգսյանը կարծում է, որ հիմնադրամից կառավարությանը տրամադրած գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:
Նրա խոսքով` կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: