ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա տեսաուղերձում անդրադարձավ «Մեղրիի միջանցքի» թեմային, որը վերջին շրջանում լայն քննարկման թեմա է դարձել։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տեքստում ո՛չ «Մեղրի» բառը կա, ո՛չ էլ «միջանցք»: Կա այլ բան՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում: Եթե ապագայի մասին պետք է մտածենք, ուրեմն պիտի մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու մասին: Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան և Հայաստան- Իրան երկաթուղային կապի վերականգնումը: Կարծում եմ` այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում»,- ասաց Փաշինյանը:
Բայց, մինչ այդ, նրա խոսքով, ներկա պահին ավելի հրատապ հարցեր են լուծվում:
Պարտությունը 3 միլիոն «բաժնետեր» ունի. Մեղրիի համայնքապետը` պատերազմի հետևանքների մասին
Փաշինյանը նշեց, որ արցախցիներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվում են դրամական օգնություններ, ֆինանսական աջակցություն է տրամադրվում նաև հյուրընկալ ընտանիքներին, վիրավորներին: Կառավարությունը միջոցներ է հատկացրել նաև Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմական գործողություններից տուժած տների վերականգնման համար:
Առաջիկայում նախատեսվում է փոխհատուցել նաև պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակիցների ուսանող զավակների ուսման վարձերը: Հաշվառվում են նաև շարժական գույքի կորուստներն ու վնասները՝ դրանց փոխհատուցման հարցը ևս լուծելու համար:
Փաշինյանը նշեց, որ Արցախի կառավարության հետ աշխատանքներ են տանում նաև Արցախում տուժած տների վերականգնման ու արցախցիներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք` ըստ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը կազմակերպելու նպատակով: Այդ դեպքում խոսքը վերաբերում է Մեղրիով տեղաշարժվելու մասին, սակայն թե կոնկրետ որ ճանապարհով, առայժմ հայտնի չէ։
Մեզ երաշխիքներ են պետք. Ադրբեջան - Նախիջևան ճանապարհը մեղրեցիների մոտ հարցեր է առաջացրել