Ինչու մինչև հիմա պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել. Փաշինյանի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց խոնարհումի, մտորումի, մորմոքի շրջանի մասին, որը պետք է ապրենք իրար հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր տեսաուղերձում բացատրեց, թե ինչու պատերազմի ավարտից հետո առ այսօր պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել:

«Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ ու իրարով: Սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին: Առավել միտված ապագային»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` սուգ կհայտարարվի անհետ կորածների մարմինների ճանաչումից հետո։

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Նոյեմբերի 22-ը արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օր հայտարվեց, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողություն անցկացվեց, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։