«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանման իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

Ո՞րն է ընդդիմության հաջորդ քայլը. Մանուկյանից շատ բան է կախված

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցություններն այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են անցկացնելու:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն