ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ու Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության հարցը։ Առաջին ինքնաթիռները Ռուսաստանից կարող են վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում արդեն դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Արցախի վարչակազմում ունեցած իր աղբյուրներին։
«Երկու կողմն էլ՝ մեր ու ռուսականը, ջանքեր են գործադրում, որ դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով մինչ տարեվերջ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերականգման մասին հարցին։
Նա ավելացրել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև մարդատար չվերթեր ոչ միայն Մոսկվայից, այլև ՌԴ այլ շրջաններից։
Մեկ այլ աղբյուր հաստատել է այդ ծրագրերի հավաստիությունը։ Նրա խոսքով՝ «հավանաբար մինչ այս ամսվա մեջ մենք կտեսնենք՝ ինչպես են ռուսական առաջին ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։
Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ