ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգերի լիգայում խմբային փուլի Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը պատմական արդյունք էր, որին դժվարին պայմաններում մեր ընտրանին կարողացավ հասնել` հաղթահարելով և՛ մրցակցի դիմադրությունը, և՛ Covid 19-ի արգելքը։
Նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր կայացած առցանց ասուլիսում։
«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել մեր հավաքականի հետ, ովքեր երկրպագել են մեր թիմին։ Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք աննախադեպ դժվարին իրավիճակում», - ասաց Մելիքբեկյանը։
Նշենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլում մեր ընտրանու կազմում իրենց դեբյուտը նշանավորեցին շատ ֆուտբոլիստներ, որոնցից շատերը հանդես են գալիս արտասահմանում։
«Հավաքականում կան բավականին շատ նորեկներ։ Անընդհատ նոր խաղացողներ ներգրավել հնարավոր չէ։ Բայց մենք նպատակային այդ աշխատանքին հետամուտ ենք լինելու։ Հիմա էլ ունենք նոր ֆուտբոլիստների ցուցակ, որոնց հետ բանակցում ենք և բանակցելու ենք։ Բայց նկատեմ, որ ամեն ինչ կախված է հավաքականի գլխավոր մարզչից, որը պետք է ընտրություն կատարի խաղային տարբեր դիրքերում նոր ֆուտբոլիստներ փորձարկելու համար», - նկատեց ՀՖՖ նախագահը։
Խորեն Բայրամյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
2020 թվականին դեկտեմբերի 31-ին ավարտվում է ՀՖՖ-ի և հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն, իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսի միջև գործող պայմանագիրը։
«Խինես Մելենդեսի աշխատանքի օրոք հայկական ֆուտբոլը իմիջ ձեռք բերեց։ Հասանք մեծ հաջողությունների մարզչական կրթվածությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու հարցում։ Տարբեր դասախոսությունների միջոցով արդեն հայերեն լեզվով ունենք հարյուրավոր էջեր, որոնք ուսումնասիրելու շնորհիվ հաջողություններն ավելացան ու դարձան նկատելի», - նշեց Մելիքբեկյանը։
Նոր տեխնիկական տնօրենի անունը, նրա խոսքով, հայտնի կլինի 2021 թվականի սկզբին։
Հայաստանի առաջնության ամենացավոտ հարցը շարունակում է մնալ մրցավարությունը, որի շուրջ դժգոհությունների ալիք բարձրանում է համարյա ամեն տուրից հետո։
«Մենք տարբեր երկրների՝ Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունեինք մրցավարական անձնակազմների փոխանակման հետ կապված։ Իհարկե այդ դեպքում մեր մրցավարները շատ լավ փորձ ձեռք կբերեին։ Բայց կորոնավիրուսի պատճառով այդ ծրագրերը կյանքի կոչել չկարողացանք։ Եկող տարվա սկզբից նորից այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են» - ասեց ՀՖՖ նախագահը։
Մելիքբեկյանի խոսքով` VAR համակարգը շատ հարցերի պատասխան կարող է տալ Հայաստանում, և այդ ուղղությամբ էլ 2021 թվականի սկզբից աշխատանքներ են տարվելու, որպեսզի VAR համակարգը հնարավոր լինի ներդնել առաջնության խաղերի համար։
ՈւԵՖԱ-ն թույլ է տվել հանդիպումներ անցկացնել Հայաստանում ու Ադրբեջանում
Հիշեցնենք` Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության C լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղերում` նոյեմբերի 15-ին և 18-ին, հաղթանակի հասավ Վրաստանի (2։1) և Հյուսիսային Մակեդոնիայի (1։0) հավաքականների նկատմամբ և խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։