ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը հետախուզվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ վերջինս պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Դրա հետևանքով Արաբկիր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Մասնավորապես՝ Երևան համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ. մակերեսով հողատարածքը 2007թ. ապրիլի 25-ին ուղիղ վաճառքի եղանակով, 19.367.755 ՀՀ դրամով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրեն, համայնքի նախկին ղեկավարի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին, որն իր հերթին նշված հողատարածքը, շուրջ մեկ տարի անց՝ 2008թ. ապրիլի 8-ին, մի քանի անգամ թանկ արժեքով՝ 184.200.000 ՀՀ դրամով, վերավաճառել է մեկ այլ քաղաքացու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Որոշում է կայացվել համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ 2007թ. Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը։
Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել