Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է գերիների մասին տեղեկություն

ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ–ում հայկական ներկայացուցչությունը։

«ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 11-ը ժամկետ է սահմանել Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ստիպում են համբուրել Ադրբեջանի դրոշը. հայ գերիների վերադարձից ոչինչ հայտնի չէ

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: