Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թևիկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հետպատերազմական տնտեսական իրողությունների ու տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու քայլերի մասին։
Sputnik

Պարզ էր, որ պատերազմը բացասական ազդեցություն էր թողնելու տնտեսության վրա։ Աշոտ Թևիկյանի խոսքով` հետևանքները դեռ կզգանք ամիսներ հետո։

«Այդ ազդեցությունը կարող է տևել մինչև 2022 թվականը։ Ի դեպ, պետական բյուջեն արդեն ընդունվել է, և հիմա, անշուշտ, առաջացել է դրանում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն»,– նշեց տնտեսագետը։

Թևիկյանի դիտարկմամբ` կան խնդիրներ` կապված առաջին հերթին ռեալ մուտքերի հետ, ըստ այդմ` կլինեն կորուստներ, հենց միայն Սոթքի հանքն ադրբեջանցիների հետ կիսելու հետևանքով պետբյուջե չի մուտքագրվի 40 միլիոն դոլար։

Ըստ նրա` կտուժի նաև գյուղատնտեսությունը, քանի որ Արցախի հարակից տարածքները զիջելով` Հայաստան այլևս չի ներմուծվի հսկայական քանակությամբ ցորեն (մոտ 100 հազար տոննա)։

Պատերազմական գործողություններն ընթացել են Արցախում և հարակից տարածքներում, ուստի Հայաստանի տնտեսությունը զգալի չափով չի տուժել, գործարանները չեն վնասվել, բայց տնտեսագետի խոսքով` պետք է շատ արագ իրականացնել այնպիսի քայլեր, որոնք վերստին կմեծացնեն մեր տնտեսական ներուժը` այն հասցնելով գոնե պատերազմից ու համավարակից առաջ եղած մակարդակին։

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պատերազմից առաջ առկախված տնտեսական առաջարկներն ու ծրագրերը չմնան թղթի վրա և շուտափույթ կերպով կյանքի կոչվեն։