Տիեզերքը վերադառնում է կառավարության օրակարգ. կանոնակարգվում է տիեզերական գործունեությունը

ՀՀ կառավարությունում վստահ են, որ այս կերպ Հայաստանում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում տիեզերական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությունները պարտավոր են գրանցվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ու ստանալ համապատասխան լիցենզիա:

Տիեզերական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում ներառելու որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

Որոշման համաձայն` այս կերպ գործադիրը հնարավորություն կունենա հնարավորինս արդյունավետ իրականացնել ոլորտի կանոնակարգումն ու վերահսկողությունը: Բացի այդ դա նաև լրացուցիչ մուտքեր կապահովի Հայաստանի պետական բյուջե:

Կառավարությունում վստահ են, որ այս կերպ Հայաստանում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը:

Ինչ վերաբերում է գրանցման կարգին, որոշման համաձայն` գրանցման ենթակա են ոչ միայն տիեզերք արձակվող օբյեկտները, այլև այն տիեզերական տեխնիկան, որն աշխատելու է երկրի վրա:

Ըստ նոր կարգի՝ տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է գրանցել  տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ այն տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք ուղարկելու համար` դրա ստեղծման կամ ձեռք բերման պահից 10 օրվա ընթացքում:

Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա. շինարարության ավարտը դարձյալ հետաձգվեց

Տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցելուց հետո նախարարությունը համապատասխան տեղեկատվությունը պետք է ներկայացնի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Հիշեցնենք՝ «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքն Ազգային Ժողովն ընդունել էր 2020 թվականի մարտի 6-ին: Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանել Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման ու տիեզերական գործունեության լիցենզավորման կարգերը: