Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը

Դմիտրի Աթբաշյանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Աթբաշյանի մտերիմներից մեկը։ Նրա խոսքով՝ Ադբաշյանի մոտ բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել։ Վերջին շրջանում նրա վիճակը ծայրահեղ ծանր էր։

Դմիտրի Աթբաշյանը 82 տարեկան էր։

Ո՞վ է կարող ոտքի հանել հայկական ավիացիան. պատասխանում է Դմիտրի Ադբաշյանը

Հիշեցնենք՝ Դմիտրի Աթբաշյանը մեկն էր  այն մարդկանցից, ովքեր նախաձեռնեցին Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Շիրակ» օդանավակայանի կառուցումը:

Լենինականի օդանավակայանը կառուցելիս Աթբաշյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ հետևելու շինարարական աշխատանքներին, որ ոչինչ թերի չլինի, կառուցվի բոլոր չափանիշներին համապատասխան:

Հենց դրա շնորհիվ էր, որ 1988–ի երկրաշարժի ժամանակ Լենինականում շատ շենք ու շինություններ քանդվեցին, իսկ օդանավակայանը մնաց կանգուն:

Աթբաշյանը վստահ էր, որ եթե Հայաստանն ուզում է դուրս գալ տնտեսական կոլապսից, ապա առաջին հերթին պետք է ավիացիան խթանել, որովհետև առանց դրա հզորանալն անհնար է։