Եռակողմ հայտարարությունը կարող է բարելավել Երևանի և Անկարայի հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է վերջ դնել 30-ամյա հակամարտությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի ժամանակ։

Նրա խոսքով ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջեւ համաձայնագիրը երեք տասնամյակից հետո խաղաղության հասնելու իրական հնարավորություն է։

Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները հանդիպել ու հրատապ հարցեր են քննարկել

«Համաձայնագիրը միանշանակ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերությունների վրա», - ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։