ԱԱԾ աշխատակիցները զանգվածաբար համակարգը չեն լքում. ԱԱԾ–ն պարզաբանում է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունը խնդրում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին պարզաբանում է տարածել ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ

«Facebook սոցցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում»,–նշված է պարզաբանման մեջ:

Նշվում է նաև, որ հիշյալ հայտարարության հեղինակ, նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա՝ նոյեմբերի 16-ին ներկայացրած զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը.

«Խնդրում եմ իմ դիմումի համաձայն ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից` այլ աշխատանքի անցնելու նպատակով»:

ԱԱԾ փոխգնդապետն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել

ԱԱԾ–ն տեղեկացնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:

ԱԱԾ–ն զանգվածային լրատվության միջոցներին խնդրում է զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ դիմում են գրել ու հեռացել աշխատանքից։

Պատերազմի ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ