1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Կառավարության որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը կներկայացվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 9-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմական գործողությունների հետևանքով զոհված ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք ու նրանց ընտանիքները ևս պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան

Նրա խոսքով՝ որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը կներկայացվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 9-ը:
Իսկ չափերն արդեն հայտնի են:

Որոշման համաձայն` առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան՝ 3.000.000, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները՝ 2.000.000, երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձինք՝ 1.000.000 ՀՀ դրամ աջակցություն: Հաշմանդամ երեխաներին կտրվի 3.000.000 ՀՀ դրամ, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 ՀՀ դրամ:

«Հիշեցնեմ, որ զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է զինծառայողների հիմնադրամի միջոցով: Մենք ամիսների առաջ նման կարգավորում ունեցանք այս որոշմաը համարժեք՝ սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար: Իսկ հիմա, փաստորեն, կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկումից հետո որոշումն ընդունվեց:

Ինչպես չսխալվել սահմանները գծելիս․ պարզաբանում է ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը