Ընդհանուր առմամբ ավելի քան 27 հազար մարդ է արդեն վերադարձել Արցախ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն ավելի քան 27 հազար մարդ է վերադարձել Արցախ, վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ։ Մեկ օրում վերադարձել է ևս 1168 մարդ։ Նախկին բնակության վայրեր ռուս խաղաղապահների աջակցությամբ արդեն վերադարձել են ավելի քան 27 հազար փախստականներ», - ասել է Կոնաշենկովը։

Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

Նրա խոսքով ՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ռուս սակրավորները մեկ օրում մաքրել են ավելի քան չորս հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ՝ վնասազերծելով ավելի քան 17 պայթյունավտանգ առարկաներ:

«Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 38 հեկտար տարածք, ավելի քան 12 կմ ճանապարհ, ստուգվել է 117 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1100 պայթուցիկ առարկա», - հավելել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի դպրոցի տարածքը

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։