ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից Ղարաբաղ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ–ը։
Նշվում է, որ մինչ ցրտերն ընկնելը տեղի բնակիչները տաք ծածկոցներ և տների վերականգնման համար շինանյութ կստանան։
«ՌԴ ԱԻՆ–ը հերթական մարդասիրական օգնությունն է հասցրել ԼՂ–ի տուժած բնակչության համար։ Ավելի քան 3 հազար տաք վերմակներն ուղարկվել են Ստեփանակերտի մարդասիրական օգնության տրամադրման կետ և առաջիկայում կփոխանցվեն քաղաքի բնակիչներին», – նշված է հաղորդագրության մեջ։
Մարտունի է հասցվել շուրջ 8 տոննա շինանյութ՝ 6.5 տոննա մետաղական պրոֆիլ և ավելի քան 1.2 տոննա շինարարական տախտակ։
Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցներն անվտանգության բաց դասեր են անցկացրել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի Օնիկ Գրիգորյանի անվան վերականգնված հանրակրթական դպրոցում։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են