Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի տեղադրվելու

Պատերազմն իր կանոններն է թելադրել. Ամանորին այս տարի Երևանը տոնական տեսք չի ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ այս տարի չի տեղադրվելու: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երևանի քաղաքապետարանը որոշել է` մայրաքաղաքի փողոցներում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- հավելեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ կհատկացվի Ստեփանակերտին։

ԱՊՀ երկրների տոնածառերի «բարձր» տասնյակը. ո՞ր տեղում է Հայաստանը

Ի դեպ, այդ 100 մլն դրամը պետք է ծախսվեր Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը