Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ գործընկերների մոտ խոսել է անհայտ կորածների ու գերիների մասին

Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ջանքերին, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ ղեկավարների խորհրդի առցանց նիստում բարձրաձայնել է անհայտ կորածների ու գերիների հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ կայքից։

Պատերազմը ցույց տվեց, որ պետք է ընդլայնվի ավիացիայի նյութատեխնիկական բազան. Նազարյան

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ջանքերին, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը։ Նա առանձնահատուկ նշել է ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը:

Նիստի ընթացքում նախարարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն: Նրանք հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ՀԱՊԿ-ը կփոխի հավաքական ուժերի ծավալման պլանը. Շոյգու

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել 2021թ. առաջին կիսամյակում, Տաջիկստանի Հանրապետությունում:

Նշենք` ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը փոխելու է հավաքական ուժերի ծավալման պլանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները։