ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Facebook–ի իր էջում հայտարարություն է տարածել՝ արձագանքելով արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին։
«Լիովին կիսում ենք այս մեծ ողբերգությանը բախված ընտանիքների վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինների, լիազորված միջազգային կազմակերպությունների հետ», - ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ հարցը գտնվում է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Հայտարարությունում նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որը զբաղվում է անհայտ կորածների հարցով, որով քաղաքացիներից շատերը դիմում են ՌԴ դեսպանությանը։
«Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով: Կոնտակտային տվյալներ` ք. Երևան, Ուլնեցու 56/5։ "Թեժ գծի" հեռախոսահամար - 81-35», - գրված է հայտարարության մեջ։
Արցախցի կանայք և երեխաները լուռ ակցիա են արել ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև
Նշենք, որ պատերազմի ընթացքում և ավարտից հետո բազմաթիվ քաղաքացիներ դիմել են Ռուսաստանի դեսպանությանը՝ փոխանցելով նամակներ, կատարելով ակցիաներ։ Դեսպանատան դիմաց ակցիաներ են իրականացրել Արցախից տեղահանված կանայք և երեխաները, անհայտ կորած զինծառայողների հարազատները, մտավորականները։
«Կարդաց և հուզվեց». անհետ կորած զինվորների ծնողների նամակը դեսպանատունը Մոսկվա կուղարկի