«Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց». երգիչ Արամեն հանդուրժողականության կոչ է անում

Սիրված երգիչը վստահ է, որ սոցցանցերում տարածվող հայհոյանքով ատելությամբ ոչ մի հարց չի լուծվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ճանաչված երգիչ Արամեն Facebook-ի իր էջում մարդկանց` իրար սիրելու, փոխադարձ հարգելու կոչ է արել։
Նա ընդգծել է, որ այսօր մենք ապրում ենք դաժան ժամանակաշրջանում, անցնում ենք համաճարակի, պատերազմի, իսկ հիմա էլ ներքին պառակտման միջով։

«Տղերքի արյունը գոնե սրբի այս ատելությունը». անկեղծ զրույց առաջնագիծ մեկնած դերասանի հետ

«Ես՝ որպես հայազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել. խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․Ստանալով ինչ-որ ինֆորմացիա մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն»,–գրել է երգիչը:

Նրա խոսքով` համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում, դա մեզ պետք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:

«Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»,–եզրափակել է Արամեն։

Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

Նշենք, որ խնդրին անդրադարձել էին նաև Հայաստանի և Արցախի մարդու իրավունքի պաշտպանները։ Նրանք դատապարտել էին սոցցանցերում տարածվող ատելության և պառակտման արտահայտությունները, ինչպես նաև հայաստանցի–արցախցի տարանջատումը։

Նշենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ֆեյքերի կողմից իրականացվող քարոզչությանը։