Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի համոզմամբ, գերիների վերադարձի պահանջը չի կարող քաղաքական չլինել։ Գերիներով պիտի զբաղվի այդ մարդկանց ներկայացնող իշխանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Գերիների խնդրի լուծման բանալին միմիայն Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Facebook-ում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Ըստ նրա, միակ միջոցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այսօր հայտարարի, որ դադարեցվում է հայկական զորքերի դուրսբերումն Արցախից այնքան ժամանակ, մինչև բոլոր գերիները չվերադառնան տուն։

«Դա միակ ու արագ լուծումն է, որը կախված է միայն Նիկոլից. սառեցնել բոլոր գործընթացները մինչև գերիների վերադարձը։ Հակառակ պարագայում այս հարցը կարող է տևել շատ երկար»,- գրում է Մինասյանը:

Նա արձանագրում է, որ երեկ մեր մտավորականները գերիների հարցով շրջել են դեսպանատներով, նույնը պատրաստվում են անել նաև այսօր, և նկատում, որ այդ կերպ սովորաբար վարվում են պետությունից հույս կամ պետական միավոր չունեցող, համայնքների անդամները:

Ադրբեջանում հայտնված 13 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի

«Իսկ եթե դուք եք գնում, ապա այնտեղ ձեզ կարող են քաղաքավարի հարցնել՝ «իսկ դուք պետություն չունե՞ք»,- նշում է Մինասյանը,-Նորից եմ կրկնում՝ հարցի լուծման մեխանիզմը միայն Նիկոլի ձեռքում է։ Բայց նրա փոխարեն այդ գործը ցանկանում եք, որ անեն արտասահմանցի դիվանագետները։ Ու դա միայն այն պատճառով, որ խուսափում եք քաղաքական պահանջներից»:

Գերիներին վերադարձնելու խնդրանքով նամակը փոխանցվեց Ռուսաստանի դեսպանատուն

Նա ընդգծում է, որ գերիների վերադարձի պահանջը չի կարող քաղաքական չլինել։ Գերիներով պիտի զբաղվի այդ մարդկանց ներկայացնող իշխանությունը։

«Մեր երկրի փրկությունը համազգային գերխնդիր է, տղաների վերադարձը՝ պետական նպատակ, իսկ պետության սխալ ընթացքը կանգնեցնելը՝ քաղաքական անհրաժեշտություն»,- գրում է նախկին դեսպանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հայ մտավորականները բողոքի ակցիաներ են կազմակերպում Հայաստանում միջազգային կառույցների ու դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց՝ միջազգային հանրության աջակցությունն ակնկալելով հայ գերիների ու զոհված զինծառայողների դիերի վերադարձի գործընթացում: