Կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությամբ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Տեղեկությունը հայտնում է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի Facebook-յան էջը։

Քոչարյանի գրասենյակը ցույց է տալիս, որ գործող վարչապետը ստում է

Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին, ժամը 13։00-ին նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) վերսկսվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Նշենք, որ գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։