Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

Արցախի պաշտպանության բանակի ներկայացրած հերոսների մեջ կան և՛ սպաներ, և՛ շարքային զինծառայողներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը մերօրյա նոր հերոսների է ներկայացրել, որոնցից մեկը սերժանտ Նարեկ Մյասնիկի Կարապետյանն է: Նա վերջին պատերազմում հարավարևելյան հատվածում մղված պաշտպանական մարտերի ընթացքում ոչնչացրել է թշնամական հինգ տանկ:

«Պաշտպանական գծի նույն հատվածում սերժանտ Գառնիկ Արմանի Կարապետյանը խոցել է հակառակորդի մեկ տանկ, իսկ սերժանտ Արա Վարդանի Վարդանյանը՝ մեկ ավտոտեխնիկա: Թշնամական ուժերին պատկանող հինգ տանկ ու մեկ «ԿամԱզ» էլ ոչնչացրել է կրտսեր սերժանտ Հայկ Արարատի Ղազարյանը»,–նշված է ՊԲ–ի ֆեյսբուքյան էջում։

Կապիտան Հովհաննես Արսենի Գևորգյանը աչքի է ընկել հյուսիսային ուղղությամբ մղված մարտերում՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ: Խիստ վտանգավոր հատվածներում անձնակազմին սնունդ է հասցրել և թիկունքային ապահովումն իրականացրել մայոր Տիգրան Իլյիչի Հարությունյանը:

4–ամյա որդու հերոսն է. պատերազմում երկու ոտքը կորցրած Արգիշտին սոցիալական ծանր վիճակում է

Հարավային հատվածում` թշնամական դիվերսիոն-հատախուզական խմբերը ոչնչացնելիս, անձնակազմի ղեկավարումը հմտորեն կազմակերպել ու անձնական արիությամբ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Ռաֆիկ Գարիկի Քալաշյանն ու կրտսեր սերժանտ Արմեն Անդրանիկի Մարտիրոսյանը, լեյտենանտ Խաչիկ Արագածի Խաչիկյանը:

Սերժանտ Գուրգեն Գևորգի Մահտեսյանը հակառակորդի կրակի տակից տարհանել ու փրկել է 10 վիրավոր զինծառայողի կյանք:
Մարտական գործողությունների ակտիվ շրջաններում անձնակազմի հետ բարոյահոգեբանական արդյունավետ աշխատանքներ է իրականացրել, և նաև թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեմ անձամբ մասնակցել փոխգնդապետ Հարություն Պատվականի Մնացականյանը:

Մարտական առաջադրանքները անձնվիրաբար կատարելիս առանձնացել են շարքայիններ Մամիկոն Արտակի Ասատրյանը, Սասուն Հրաչյայի Թովմասյանը, Դիմա Մարզպետի Հուսիկյանը, Արման Վռամի Իրիցյանը:

Հրետակոծության ժամանակ խոցված սպառազինությունը և ռազմական տեխնիկան տարհանել և յուրային զորքերին զինամթերք է մատակարարել բանվոր-ծառայող Նվեր Ռոմիկի Քարամյանը:

Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը